Ֆիջի կղզի
03.12.2019 | 03:02
Ինձ ձերբակալում են Ֆիջի կղզու1 նուդիստների լողափում և առանց թույլ տալու, որ թեկուզ թզի տերևով ծածկեմ իմ ադամական մերկությունը, տանում են ոստիկանատուն: Հավանաբար չգիտեն, որ ես մի ամբողջ երկրի ազգընտիր նախագահն եմ և սովորաբար իմ արձակուրդն եմ անցկացնում այս կղզում: Նրանք բռի են, ծայրաստիճան անհարգալից: Երկու ժամ, մորեմերկ վիճակում, մութ խցում, առնետների և տարականների ագրեսիվ հարևանությամբ պահելուց հետո վերջապես տանում են ոստիկանապետի մոտ և հայտնում ձերբակալման պատճառը:
Պարզվում է անցած գիշեր, ճիշտ ժամը 01-ին, թալանվել են իմ երկրի բոլոր բանկերը և դրամափոխության բոլոր կետերը: Մանրակրկիտ քննությունը պարզել է, որ դարի գողությունը կատարել եմ ես: Անհավատալի է, բայց ամենուր իմ մատնահետքերն են գտել: Այն փաստը, որ նշված ժամին ես եղել եմ կղզու գիշերային ակումբներից մեկում, հաշվի չի առնվում: Յոգայի մասնագետ գիտնականներից մեկը հաստատում է, որ ես տիրապետում եմ լևիտացիայի արվեստին և կարող եմ մի քանի վայրկյանում հազարավոր կիլոմետրեր անցնել: Ավելին` բազմանալու հատկություն ունեմ և ֆրանսիական ֆիլմի2 հերոսի պես անարգել անցնում եմ բոլոր պատերի միջով: Արդ, օգտվելով անժխտելի ալիբիից, ասենք` ձևացնելով, թե զուգարան եմ գնում, հաշված րոպեների ընթացքում դատարկել եմ ինձ վստահված երկրի բոլոր բանկերը, իսկ թե որտեղ եմ պահել այդ անհաշվելի գումարները, կպարզի իմ երկրի արդարադատությունը:
Լևիտացիայի և դրանից բխող զառանցանքների վարկածն ընդունվում է միաձայն: Ընդդիմությունը ցնծության մեջ է: «Մենք հոգնեցինք ասելով, որ նա գող է, ինչո՞ւ մեզ չէիք լսում, սպասում էիք, որ այս օրվան հասնե՞նք, - օրնիբուն աղաղակում են նրանք: - Եվ ոչ միայն գող է, այլև համոզվեցինք, որ սև մոգությամբ է զբաղվում, սատանայական ծեսեր է մատուցում իր համախոհների մասնակցությամբ»:
Աշխարհն իրար է անցել: Նման հանդուգն գողություն հայտնի չէ մարդկության պատմությանը: Բոլոր ծայրերից լրագրողներ են եկել կղզի, որպեսզի հարցազրույց անեն ինձ հետ, Հոլիվուդում արդեն սցենար է գրվում, իտալական «Կոզա նոստրա»-ն ինձ հռչակել է իրենց պատվավոր նախագահ և թախանձանոք խնդրում է, որ ես վարպետաց դասեր տամ այդ «միաբանության» անդամներին:
Ֆիջի կղզու իշխանությունները, հավատարիմ մնալով ստանձնած միջազգային պարտավորություններին, շղթայված, մորեմերկ ինձ հանձնում են իմ երկրին: Օդանավակայանից մինչև բանտ ընկած ճանապարհն այդ վիճակում ես անցնում եմ ոտքով: Ժողովուրդը խռնվել է փողոցներում: Հայհոյում են, անիծում. «Գող, սրիկա, ավազակ, թալանչի, բոզի վաստակ, շանսատակ լինես, օր ու արև չտեսնես…»: Բառային աղբի հետ նաև իսկական աղբ է շպրտվում ինձ վրա: Բանտ եմ հասնում ոտքից գլուխ աղտոտված:
Բաց դատ է ընթանալու հարյուրհազարտեղանոց մարզադաշտում: Մուտքն ազատ է: Ինձ դատելու է ժողովուրդը: Օրն արդեն հայտնի է: Ամբողջ աշխարհից զանգվածային լրատվության ներկայացուցիչներ են ժամանում: Հյուրանոցներում այլևս տեղ չկա:
Եվ հանկարծ կատարվում է աներևակայելին, անիմանալին, անըմբռնելին: Տափակ միջադեպը, գրեթե ամեն օր տեղի ունեցող սովորական դիպվածն ստիպում է հետաձգել դատը: Իմ մահապատիժը պահանջող ընդդիմադիր կուսակցության գրասենյակում գողություն է կատարվել: Հրակայուն պահարանից գողացել են խոշոր չափի գումար, կարևոր փաստաթղթեր և մի շարք արժեքավոր իրեր: Եվ ի՞նչ եք կարծում, ու՞մ մատնահետքերն են այնտեղ գտել… Այո, կռահեցի՛ք… Իմ մատնահետքերը…
Բանտի տեսահսկողության բոլոր գործիքները հաստատում են, որ ես մեկ վայրկյանով անգամ դուրս չեմ եկել իմ խցից: Այնպես որ, լևիտացիայի վարկածն այս դեպքում չի անցնում:
Բնականաբար վերցրել են կուսակցության առավել կարևոր անձանց մատնահետքերը, նրանց, ովքեր հաճախ են լինում գրասենյակում: Եվ ի՞նչ… Պարզվել է, որ իմ և նրանց մատնահետքերը հարյուր տոկոսով համապատասխան են: Նույն արդյունքն է ստացվել մյուս բոլոր անդամների պարագայում: Այսպիսով, գողության համար ինձ մշտապես հայհոյող, իմ մահը երազող կուսակցության բոլոր անդամները և ես միևնույն մատնահետքերն ունենք, հետևաբար հավասարապես պատասխանատու ենք բանկերի կողոպուտի համար:
Իրավիճակն ավելի է բարդացել, զանգվածային ցույցեր են սկսվել երկրով մեկ: Ժողովրդի պահանջով ստուգել են կառավարության բոլոր անդամների, պատգամավորների և դիվանագիտական ծառայության բոլոր ներկայացուցիչների մատնահետքերը: Նո՛ւյն պատկերը:
Եվ այդ ժամանակ Ազգային Ժողովը որոշում է ընդունում ստուգել երկրի ամբողջ բնակչության մատնահետքերը: Դեպուտատներից մեկն էլ առաջարկել է այդ ստուգումը որակել «մատնահամար» բառով: Եվ այդպես, մի քանի ամիս տևած «մատնահամրանքն» աշխարհով մեկ ազդարարել է, որ իմ երկրում բոլորը` նորածիններից մինչև մահամերձ ծերերը, միևնույն նախագահական մատնահետքերն ունեն, և որ հետագա բոլոր սերունդներն այդ մատնահետքերով են ծնվելու:
Հետաքննությունը, սակայն, շարունակվում է:
Աշխարհահռչակ ոճրաբանները ցնցող հայտնագործություն են արել. իմ երկրում մատնահետքի անբուժելի վիրուս է տարածվել, որն ակնթարթի մեջ նույնացնում է վարակակրի և վարակվածի մատնահետքերը: Բավական է ձեռքով բարևեն իրար, որպեսզի տեղնուտեղը մատնահետքերը նույնանան: Նոբելյան մրցանակին արժանի այս գյուտն անելուց հետո նրանք փորձում են պարզել` ե՞ս եմ վարակել իմ ժողովրդին, թե՞ ժողովուրդը` ինձ:
Ասում են, որ մինչև հիմա շարունակում են ջանասիրաբար փնտրել, բայց այդպես էլ չեն կարողանում պարզել, թե ով ում վարակեց:
Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ
Ծանոթագրություններ
1. Հատված «Փոսը» անտիպ վեպից։
2. «Պատի միջով անցնող մարդը», ըստ Մարսել Էմեի համանուն վիպակի։
Մեկնաբանություններ